Ծառ-էպոսը եղար անգիր իմ սարախոս երկրի շուրթին,-
քեզ սերտեցին հողմերը խուլ և անտառներ բազմածավալ,
կենսահմա ժառանգները քո սոսափը վերծանեցին
որպես աղոթք, ձոն ու պատգամ՝ առ գալիքը ծիրանավառ:
Ծուռ ու շիտակ արմատներդ՝ խոր տեսանող մոգերի պես,
արշավում են ընդերքն ի վար՝ գտնելու նոր ավյուն ու սեր,
և պեղելու երազը էն՝ ոսկեձայնիկ ու աստղավետ,
որ քեզ ուժ է շնորհելու վերահաս թեժ դարերի մեջ:-
Զորություն ես լուռ քարոզում քո զորավոր բուն-սաղարթով,
ակնարկում ես՝ ոնց արարել մի բուռ կավից՝ մի մեծ երկիր,
և խոսում ես փոխակերպման հրաշքից էն աստվածակիր,
որ հատիկը լեռնանում Է իր երկնահաս լեռ-հավատով:-
...Շիվ էիր դու՝ մատղաշ ու հեզ՝ Մեծ Տիգրանի հաղթ ձեռքերում,
նա քեզ տնկեց որպես հորդոր՝ մարտիկներին իր աննկուն,
թե երբ բացվի խաղաղ տարի, ազատ մի օր ու ժամ անգամ,
արարչաշունչ գործ-տքնանքով պատվեք հողը հայրենական:-
Ա՛խ, սարերի ուշքը գնաց քո սլացիկ բոյ-բուսաթից,
քեզ սիրեցին սրտապատառ՝ որպես աշխույժ մի կախարդանք,
բայց որ ունի տեսք դիցական, մաքառումի հրճվանք ու կամք –
լինել վսեմ ու հաղթական և չերկնչել դավ ու դատից:-
Հիմա շքեղ նահապետ ես, ծառաց արքան դու Արցախա,
շուք ես տալիս ամենեցուն – յուրային թե օտարական,
ասես ոգի՝ բարձր ու հսկա, կանաչ խոյանք բարեխնամ,
ողջ երկիրն ես ուզում առնել հովանու տակ քո առնական:-
Թո՛ղ որ լինեմ մի տերևդ, մազարմատդ նուրբ ու արի,
թո՛ղ ծովացած տարիներիդ գեթ մի վայրկյան ես հավելեմ,
որ քեզ մենակ-լքված չզգաս, լինես տոկուն, անխորտակ վեմ,
ու ետ մղես հարվածները ատելության ու տապարի:-
Օ՜ տնջրի հազարամյա, դու ծառ-Վահագն՝ լեռնապավեն,
քեզ զինակից կանչիր ցրված ժառանգներին էն հայհոգի,
թող հավաքվեն քո շուքի տակ, նոր դարերով քեզ ներշնչեն,-
կանչի՜ր, կանչի՜ր նրանց կրկին, դու՝ ծառացած երկրաոգի:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Հ․Գ․
Տնջրին վիթխարի ու բազմադարյան չինարի (սոսի) ծառ է, որը գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում։
Շուրջ 2050 տարեկան է: Ըստ ավանդության՝ տնկել է Տիգրան Մեծը։
Բարձրությունը՝ ավելի քան 54 մետր (համեմատելի է 18-հարկանի շենքի հետ)։
Բնի շրջագիծը՝ 27 մետր։
Սաղարթի ստվերը՝ մոտ 1400 քառակուսի մետր։
Փչակը (ծառի խոռոչը)՝ 44 քառակուսի մետր, որի մեջ կարող է տեղավորվել մինչև 100 մարդ։
Ծառը երկար տարիներ համարվել է ամենատարեցն ու բարձրահասակը նախկին ԽՍՀՄ տարածքում։